Պատմություն
Ալեքսանդրապոլի պայմանագիր
1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920թ. հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը ։
Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալույի գավառը ,
իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին
ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց
հետագա ճակատագիրը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր
զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքին, հայկական բանակի թիվն
ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացիրի չափով։ Թուրքիան
պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին՝ ներքին և արտաքին
վտանգի դեպքում ըստ հայկական կառավարության դիմումի։ Հայաստանի
կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։
Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի տարածքով անցնող
երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմական միջոցառումներ
իրականացնել երկրի ներսում։ Առկա էին այլ՝ Հայաստանի համար ոչ բարենպաստ
դրույթներ։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ
ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր
իշխանության գլուխ գրեթե միաժամանակ պայմանագրի կնքման հետ, այն չճանաչեց։
Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված
պայմանագրով։
Կարսի պայմանագիր
Կարսի
պայմանագիրը կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին` մի կողմից`
Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի
միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Դրան նախորդել է Կարսի խորհրդաժողովը (1921 թ-ի սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 13-ը)՝ դարձյալ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ:
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի
շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում
Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները
պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան
կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։
Комментариев нет:
Отправить комментарий